7 նոյեմբերի 2007 - 18:54 AMT
Քաղաքագետ. Թերի Դեւիսը արտահայտում է ոչ թե իր անձնական կամ ԵՄ կարծիքը, այլ իր տերերի դիրքորոշումը
«Որոշ չճշտված տվյալներով, Թերի Դեւիսը լրջորեն հետաքրքված է ադրբեջանական նավթով եւ այդ պատճառով հանդես է գալիս Հայաստանում այնպիսի հայտարարություններով, որոնց պաշտոնական Երեւանը պետք է պատասխան տա»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նա հիշեցրել է, որ ԵԽ ներկա գլխավոր քարտուղարը երիտասարդ տարիներին երկար ժամանակ զբաղվել է ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով: «Ինչպես երեւում է, նա պահպանել է առեւտրականի իր դեմքը քաղաքականությունում: Թերի Դեւիսը, տվյալ պարագայում, արտահայտում է ոչ թե իր անձնական կարծիքը, կամ ԵՄ կարծիքը, այլ իր տերերի դիրքորոշումը: Սակայն հայրենիքը ավտոմեքենա չէ, այն ենթակա չէ առեւտրի, եւ եվրոպացի պաշտոնյայի նման մոտեցումը պետք է անընդունելի լինի Հայաստանի համար»,- ընդգծել է հայ քաղաքագետը:

Նշենք, որ Հայաստանում` Երեւանի պետական համալսարանում ունեցած դասախոսության ժամանակ, Թերի Դեւիսը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվանել է «անջատողականներ», ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, «ովքեր պայքարում են հանուն անկախության»:

Երեւանի պետական համալսարանում ԵԽ պետքարտուղարը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել է. «Հայաստանը պետք է հասկանա, որ նորմալ հարաբերությունները հարեւանների հետ անհրաժեշտ են: Դա միակ ուղին է ապագայի համար եւ հենց դա է հանդիսանում գլխավոր չափանիշը ԵԽ-ի համար: Այլ ճանապարհ պարզապես չկա: Պատմական հարցերը չպետք է օրենսդիրների գործը դառնան: Այն ժամանակ շատ մարդ է զոհվել, սակայն եկել է ժամանակը, որ ոչ միայն հիշենք այդ զոհերը, այլեւ նայենք դեպի ապագա»,- գտնում է Դեւիսը: