8 նոյեմբերի 2007 - 14:15 AMT
Եվրամիությունն ու Լիտվան մտահոգ են Վրաստանում տիրող իրավիճակով
Հայաստանի համար շատ կարեւոր է կայուն Վրաստանը: Այդ մասին Երեւանում Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: «Ես հուսով եմ, որ դիմակայությունը Վրաստանում արագ լուծում կստանա քաղաքական մեթոդներով»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Իր հերթին Պետրաս Վայտիեկունասը հաղորդել է, որ Երեւանից մեկնելու է Թբիլիսի: «ԵՄ-ն եւ Լիտվան մտահոգված են Վրաստանում ստեղծված իրավիճակով եւ այդ պատճառով նա մեկնում է Թբիլիսի: Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ եվրաինտեգրման ուղին մեծ նշանակություն ունի Վրաստանի համար եւ առավել նվիրված կդարձնի հանրապետությունը եվրոպական արժեքներին»,-ասել է Լիտվայի ԱԳՆ ղեկավարը: Նա համոզված է, որ այցը հնարավորություն կտա Լիտվային իր դիրքորոշումն արտահայտել այս հարցի շուրջ եւ հավաստիացնել վրաց ժողովրդին, որ իրենք միայնակ չեն եւ կարեւոր են Եվրոպայի համար: