8 նոյեմբերի 2007 - 14:46 AMT
Պաշտոնական Ստեփանակերտը դատապարտել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունները
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մեկնաբանել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունները Երեւանում, մասնավորապես, այն մասին, որ «Կոսովոյի եւ ղարաբաղյան հակամարտությունների միջեւ բազում տարբերություններ կան, Կոսովոյում չկա անջատողական ռեժիմ, մարզը կառավարում է ՄԱԿ-ը, իսկ անվտանգության երաշխիքները ապահովում են ԵՄ-ի զինվորականները, ինչը չկա Լեռնային Ղարաբաղում»:

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանում ավարտելով բանակցությունները, անդրադարձել է տվյալ պահի իր առաքելության հետ առնչություն չունեցող խնդիրների: Մենք հասկանում ենք, որ պարոն Դեւիսը դա արել է ի պատասխան լրագրողների հարցադրման, սական զարմանալի է, որ այլ դեպքերում դիվանագիտորեն սակավախոս եվրոպական պաշտոնյան թույլ է տվել շեշտադրումներ, որոնք, մեր կարծիքով, չեն պատշաճում ոչ իրեն, ոչ այն հեղինակավոր կառույցին, որը ներկայացնելու պատիվն այսօր ունի նա»,-նշվում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մեկնբանության մեջ:

«Մասնավորապես, խոսելով ԼՂՀ վերջին ՏԻՄ ընտրությունները դատապարտող հայտարարության բացակայության մասին, պարոն Դեւիսը, հավանաբար շփոթել է ոչ միայն աշխարհագրական, այլեւ ավանդույթային պարամետրերը: Առնվազը մտահոգիչ է, որ նման մակարդակի պաշտոնյան կարող է նույն հարթության վրա դնել միմյանց հետ որեւէ կապ չունեցող երեւույթները եւ հույս ունենք, որ պարոն Դեւիսը եվրոպական հանրությանը տեղյակ կպահի, թե ի՞նչ համատեքստում է արել ոչ պարկեշտ զուգահեռը: Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների հասցեին հնչեցված արտահայտություններին, ապա ստիպված ենք պարոն Դեւիսին նկատել տալ, որ անկախության ձգտող բոլոր ժողովուրդներն էլ պատմական մի որոշակի ժամանակահատվածում ստիպված են լինում անցնել «անջատողականության» ճանապարհը: ԼՂՀ ժողովրդի մեղքը չէ, որ Խորհրդային Միության փլուզման օրերին Միավորված ազգերի կազմակերպությունը կամ Եվրոպայի խորհուրդը հասկանալի պատճառներով չէին կարող Լեռնային Ղարաբաղում հաստատել «արտաքին կառավարում», ինչը լեգիտիմություն կտար ներկայիս անկախությանը»,-նշվում է մեկնաբանության մեջ:

«Ավելին, այն, ինչ ՄԱԿ-ն արել է Եվրոպայում` կանխելով էթնիկ զտումները եւ ցեղասպանության սպառնալիքը, ԼՂՀ ժողովուրդն իրականացրել է բացառապես սեփական ուժերով` օգտագործելով ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը: Եթե պարոն Դեւիսը չի տիրապետում փաստերին, ապա ստիպված ենք նրան հիշեցնել, որ 1991թ. նոյեմբերի 24-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվել է ԼՂ ինքնավար կարգավիճակը եւ պաշտպանության ու ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է «միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու ԼՂ ադրբեջանցիների անվտանգությունը»: Եթե սա ԼՂ բնիկ հայ բնակչությունը տարհանելու կամ բնաջնջելու նպատակով ընդունված որոշում չէ, ապա խնդրում ենք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մեկնաբանի, թե ինչու՞ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմնի որոշման մեջ ոչ մի խոսք չկա ԼՂ հայ բնակչության քաղաքացիական եւ մարդկային իրավունքների մասին: Կարծում ենք, որ Ադրբեջանի զինված նախահարձակումը հաջողությամբ հաղթահարած, պետական կառավարման որոշակի ուղի անցած եւ այսօր ժողովրդավարական զարգացման ձգտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հանրության կողմից ճանաչվելու ավելի օրինական հիմքեր ունի, քան այն կազմավորումը, որին հղում է անում պարոն Դեւիսը»,-հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն: