8 նոյեմբերի 2007 - 14:59 AMT
Լիտվան ամեն կերպ կնպաստի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ծրագրերի իրագործմանը Հայաստանում
«ՀՀ-ն պատրաստակամ է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակում ուսումնասիրել Լիտվայի հետ կոնկրետ ոլորտներում համագործակցության հնարավորությունները»,-Երեւանում Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մոտ ապագայում Երեւանում եւ Վիլնյուսում կբացվեն Լիտվայի եւ Հայաստանի դեսպանատներ, ինչը միանգամայն նոր մակարդակի վրա կբարձրացնի երկու երկրների հարաբերությունները: Լիտվայի ԱԳ նախարարն ընգծեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները Լիտվան դասում է իր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքին: «Պաշտոնական Վիլնյուսը հստակ կերպով է պատկերացնում Հայաստանի եվրոպական հեռանկարները եւ շարունակելու է ցուցաբերել ակտիվ ներգրավվածություն եւ աջակցություն Հարավային Կովկասի երկրներում եւ առանձնապես, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման խնդիրներին: Մենք պայմանավորվել ենք այդ ոլորտում լուրջ քայլերի մասին եւ արդեն դեկտեմբերի 14-ին Վիլնյուսում եւ Բրյուսելում եվրաինտեգրմանը նվիրված սեմինարներ կանցնեն»,-ասել է Վայտիեկունասը: Նա հաղորդել է, որ եկող տարի Հայաստան կժամանի Լիտվայի վարչապետը: Լիտվայի ԱԳ նախարարը կարեւորեց Հարավային Կովկասը նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: