Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստմանը ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ էին եղել դեռ 1991-ին, երբ ադրբեջանցիները սկսեցին Ստեփանակերտի և մերձակա հայաբնակ բնակավայրերի հրետակոծումն ու հրթիռակոծումը: Գործողության հաջողության համար անհրաժեշտ էր վնասազերծել ադրբեջանական հենակետերը: Ըստ պլանի, առաջինն ազատագրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը (1991 թ. հոկտեմբերի 30):
Ամենավտանգավոր հենակետերից էր Ստեփանակերտի արվարձան Կրկժանը: Մինչև ատամները զինված հակառակորդը կատաղի դիմադրում էր, սակայն հունվարի 19-20-ին հայ աշխարհազորայինները ոչնչացրեցին Կրկժանի կրակակետերը: Պահուստային կամավորական ջոկատն անհապաղ առաջ շարժվեց, վերահսկողություն հաստատելով Քյոսալար-Ջանհասան տանող անտառային ճանապարհներին ու արահետներում:
Շուշիից հետո Ստեփանակերտի համար ամենավտանգավոր օբյեկտը ադրբեջանցի օմոնականների համար բազա դարձած Խոջալու ավանն էր Ասկերանի շրջանում, որը փակում էր Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը և կրակի տակ էր պահում Ստեփանակերտի օդանավակայանը: Փետրվարի 26-27-ին ոչնչացվեց նաև այդ կրակակետը: Դրան հաջորդեց Մարտունու շրջանի Ղարադաղլու և Վեյսալու, Շուշիի շրջանի Մալիբեյլի և Ղուշչուլար հենակետերի ոչնչացումը, որից հետո Ստեփանակերտի և Շուշիի հրթիռակոծություններն ավելի կատաղի դարձան:
Ապրիլի 24-ին Ինքնապաշտպանության ուժերի շտաբը հիմնականում ավարտել էր Շուշիի ազատագրման ծրագրի մշակումը` պատրաստ էին անհրաժեշտ հաշվարկներն ու քարտեզները: Ըստ հետախուզության տվյալների, թշնամին Շուշիի մատույցներում էր կենտրոնացրել 2500 զինվոր, 3 տանկ, 9 զրահամեքենա, հրթիռային կայաններ, խոշոր տրամաչաթի գնդացիրներ: Բացի այդ ամեն օր Շուշի էին ուղևորվում ադրբեջանական ուղղաթիռները: Հաշվարկված էին նաև հայկական կողմի հնարավորությունները. Ինքնապաշտպանական ուժերը 2520 մարդ ունեին իրենց տրամադրության տակ: Որոշված էին հարձակման 4 ուղղությունները. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան, «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան, Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան, Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան։
1992 թ. մայիսի 4-ին Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ստորագրեց Շուշիի ազատագրման մարտական հրամանը: Իրականում մանևրային մարտերը սկսվել էին արդեն ապրիլի 27-ին: Մայիսի 6-ին հակառակորդին մոլորեցնելու նպատակով առաջխաղացում կատարվեց Ջանհասանի ուղղությամբ: Այս խնդիրը դրված էր ռեզերվային ուժերի վրա, Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ: 26, 01, 02, 03, 14 դիրքերում և Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ կատաղի մարտեր էին ընթանում: Ապակողմնորոշելու համար հակառակորդին և նրան Շուշիից դուրս բերելու համար, մեր ջոկատները մի քանի անգամ թողել են դիրքերն ու կրկին գրավել: Այդ գործողությունների նպատակն էր տպավորություն ստեղծել, որ հիմնական հարվածը հասցվելու է Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:
Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին՝ ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գլխավոր հրամանատարական կետը գտնվում էր 1207,3 մ բարձրությամբ, Շոշ գյուղից ոչ հեռու: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ:
Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրոհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն:
Ադրբեջանցիները տարակուսանքի մեջ էին, քանի որ չէին կարողանում որոշել հարձակման հիմնական ուղղությունը: Իսկ երբ հասկացան, արդեն ուշ էր: Ադրբեջանական հրամանատարությունը չկարողացավ ճնշել զորքերում առաջացած խուճապը և կազմակերպել Շուշիի պաշտպանությունը: Սկսվեց ադրբեջանցի զինվորների ու օմոնականների փախուստը քաղաքից: Ցանկանալով խուսափել ավելորդ զոհերից` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հրամայեց ապաշրջափակել Շուշի-Լաչին ճանապարհը և չխոչընդոտել հակառակորդի փախուստը: Մայիսի 9-ին առավոտյան ժամը 4-ին վերջին ադրբեջանցի զինվորը լքեց Շուշին:
Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք: Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»: Նման արտասովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, թե նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմում է Կոմանդոսը:
Այս զրույցի մասին նա չպատմեց իր մարտիկներից ոչ մեկին, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մեկի մտքով անգամ չանցավ, որ օպերացիան պետք է հետաձգել` հիանալի գիտակցելով դրա բարդությունը. «Նրանք լի էին վճռականությամբ, քանի որ խաղաղ բնակիչների շարքում կորուստներն օրեցօր ավելանում էին, և այլևս հապաղել չէր կարելի»: