8 մայիսի 2017 - 14:11 AMT
Հայաստանը կարող է մասնակցել Սիրիայի ականազերծմանը

Երևանը մտադիր է մասնակցել Սիրիայի ականազերծմանը և կշարունակի հումանիտար օգնությունն այդ երկրի բնակչությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանը մեծ սիրով է հումանիտար օգնություն ցուցաբերում Սիրիայի ժողովրդին: Մենք շատ շնորհակալ ենք ռուս գործընկերներին, որոնք ապահովում են հումանիտար բեռների առաքումը ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռներով: Մենք կշարունակենք այդ աջակցությունը նաև առաջիկայում», -ասել է Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Ըստ նրա, Երևանն ու Մոսկվան ակտիվ երկխոսություն են վարում Սիրիայի հարցի շուրջ: «Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների հնարավոր մասնակցության հարցը հումանիտար ականազերծմանը, որն իրականացնում է Ռուսաստանը Սիրիայում»,-հավելել է նախարարը:

Նույն հարցազրույցում Վիգեն Սարգսյանը հայտարարել է նաև, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ դրանով իսկ սպառնալիքներ ստեղծելով Ռուսաստանի համար: