Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ-ի հաղթանակի դեպքում, եթե սոցիալապես անապահով քաղաքացիները դիմում ներկայացնեն քաղաքապետարան և հայտարարեն, որ իրենք առանց ընտրակաշառքի են քվեարկել, ապա սոցիալական աջակցություն կստանան:
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, որոշում են կայացրել ավագանում մեծամասնություն ձեւավորելուց հետո քաղաքի բյուջեում նոր հոդված ավելացնել: Երևան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրված քաղաքացիներին» կետը, գրում է Armtimes.com-ը:
«Եթե անապահով քաղաքցին ներկայանա և կփաստի, որ ինքը հրաժարվել է ընտրակաշառքով քվեարկելուց, մոտ 15 հազար դրամի չափով օգնություն կստանա, և դա կլինի Երևանի քաղաքային բյուջեի ծախսային հոդված»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այսկերպ կձերբազատվեն ընտրակաշառքի արատավոր պրակտիկայից:
ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների նախնական հաշվարկով նման սոցիալական վճարների գումարը կարող է հասնել մինչև 3 միլիարդ դրամի:
Այս առաջարկի գաղափարը ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածուների մոտ առաջացրել է քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումների ժամանակ:
«Մեր հաղթանակից հետո Երևան քաղաքի բյուջեի մուտքերն ավելանալու են: Ես կարող եմ տեղերը նշել՝ գույքահարկի թերհաշվառումը կվերացվի և բյուջե մուտքերը կմեծանան»,- նշել է Փաշինյանը:
«Երևանի բյուջեի տերը Երևանի քաղաքացիներն են, և նրանք իրավունք ունեն քաղաքապետին հանձնարարել, որ բյուջեից սոցիալական նպատակների համար գումար վճարվի»,- ասել է քաղաքապետի թեկնածուն:
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: