10 մայիսի 2017 - 09:55 AMT
Պետերբուրգում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ

Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: Այս մասին դեպքի վայրից PanARMENIAN.Net-ին հայտնել են պետերբուրգյան հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները:

Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը յուրաքանչյուր տարի մասնակցում է «Անմահ գունդ» ակցիային: Մոտ 200 հայ է անցնում Պետերբուրգի գլխավոր փողոցներով՝ Մեծ Հայրենական պատերազմի մասնակից ՀՀ և Արցախի հերոսների դիմանկարներով:

«Առաջին սադրանքը եղավ Նևսկու պողոտայում, երբ ադրբեջանական երիտասարդական կազմակերպության 4 անդամ՝ այդ թվում՝ կազմակերպության փոխնախագահ Զուլֆիգար Իսմաիլովը, ներխուժեցին հայկական պատվիրակության շարասյուն: Վերջինս տարեց կնոջ ձեռքից խլեց ԼՂՀ դրոշը՝ կնոջը գետնին գցելով: Մյուս ադրբեջանցիները սկսեցին խլել, կոտրել ու պատռել հայ հերոսների դիմանկարները»,- PanARMENIAN.Net-ին ասել է «Նոր սերունդ» կազմակերպության համանախագահ Արշակ Հովհաննիսյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սադրիչները գործել են կոստյումներով 2 տղամարդու ուղղորդմամբ:

«Այս երկուսը հենց սկզբից հետևում էին մեզ, հրահանգներ տալիս իրենց արբեջանցի ակտիվիստներին ու ամեն ինչ տեսանկարահանում: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրված է եղել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ արդյունքում մի փոքր բախում է եղել հայերի և ադրբեջանցիների միջև, ինչից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցիներին: Հայերի թվում ձերբակալվածներ չկան:

Չնայած սրան, Արշակ Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանցիներն այսքանով չեն բավարարվել:

«Հասնելով հրապարակ, հայկական շարասյան ճանապարհը կտրեցին 8 ադրբեջանցի՝ ադրբեջանական երիտասարդական կազմակերպության նախագահ Զակիր Նաբիզադեի ղեկավարությամբ»,- պատմել է Հովհաննիսյանն ու նշել, որ ադրբեջանցիները վիրավորել են ԼՂՀ դրոշը, ու սպառնացել հայկական շարասյան մասնակիցներին:

«Լեզվակռիվին հաջորդեց մի փոքր կռիվը, որը ժամանակին կասեցրեցին հատուկ ջոկատայինները: Ադրբեջանական երիտասարդական միության բոլոր անդամները ձերբակալվել են, 2-ը կարողացել են փախչել»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Դեպքերի մյուս մասնակից Անահիտ Բաբայանի խոսքով, ադրբեջանցիներն առաջինն են հարձակվել հայերի վրա և կռիվ հրահրել: Այս մասին նա գրառում է կատարել նաև Ֆեյսբուքի իր էջում:

«Դվորցովիի վրա (Դվորցովի հրապարակ- խմբ.) ադրբեջանական համայնքը հարձակվել է հայկական գնդի վրա: Կռիվ է ընթանում: Ամոթ է, տղաներ»,- գրել է նա:

Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը, հայերի շրջանում տուժողներ կամ ձերբակալվածներ չկան:

«Մենք ապշած ենք խաղաղ ակցիայի ժամանակ ադրբեջանցիների դրսևորած վարքով և այն անթույլատրելի ենք համարում»,- հայտնել է Դավիդովը: