12 նոյեմբերի 2007 - 12:23 AMT
ԱՄՆ-ի քրիստոնյա եկեղեցիների խորհուրդը կոչ է արել Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոյեմբերի 7-ին, Այզելինում (Նյու Ջերսիի նահանգ) քրիստոնյա եկեղեցիների ամենամյա հավաքում, ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդի Գլխավոր վեհաժողովը (NCC) եւ Եկեղեցիների համաշխարհային ծառայությունը (CWS) կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել այն բանաձեւը, որը հաստատում է որ 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են եղել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անընդունելի է, որ Միացյալ Նահանգները դեռեւս պաշտոնապես չեն ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը, որը փաստորեն խլել է Փոքր Ասիայում բնակվող հայերի մեծամասնության կյանքը»: Հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւին, հեղինակները նշում են, որ այդ օրինագծում «ճանաչվում է այդ ընդունված պատմական փաստը եւ դատապարտվում է մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը»:

«Որպես հավատի մարդիկ, մենք մտահոգություն ենք հայտնում նրանով, որ մեր կողմից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամները չեն պայքարում հանուն ճշմարտության», ասվում է ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհրդի Գլխավոր վեհաժողովի բանաձեւում: Փաստաթղթում ասվում է, որ այդ կազմակերպությունը «պնդում եւ կոչ է անում Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը ընդունել 106-րդ բանաձեւը մինչ ներկայիս Կոնգրեսի լիազորությունների սպառումը»:

ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը 35 եկեղեցիների էկումենիկ միություն է: NCC անդամների հոտը հասնում է շուրջ 45 միլիոն հավատացյալների երկրի բոլոր նահանգների 100 000 թեմերում, հաղորդում է National Council of the Churches USA.