Մայիսի 12-14-ը Հայաստանում անցնում է Երևանի նորաձևության շաբաթը Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով:
Առաջին անգամ Yerevan Fashion Week. Golden Lace-ն անցկացվել է Հայաստանում 2014-ի հոկտեմբերի 24-26-ը:
Նորաձևության երևանյան շաբաթը բացեց ռուսական նորաձևության լեգենդ Վյաչեսլավ Զայցևը, որը ներկայացրեց հատուկ այս առիթի համար ստեղծած հավաքածուն:
Մեծ հավաքածուի մեջ ներառվել էին ինչպես «օտ-կուտյուր», այնպես էլ «պրետ-ա-պորտե դելյուքս» մոդելներ: Հավաքածուի մի մասը ռուսական ժողովրդական տարրերով էր կատարված, որոշ մոդելներում կարելի էր նկատել ֆրանսիական նոտաներ: Ավարտին բեմ բարձրացավ ինքը Զայցևը, սակայն ուրախության և հուզմունքի արցունքները թույլ չտվեցին նրան երախտագիտության խոսքեր արտասանել:
Արդեն ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցում Զայցևն իր գոհունակությունն ու հիացմունքը հայտնեց միջոցառման վերաբերյալ՝ նշելով, որ ամեն ինչ անցավ ամենաբարձր մակարդակով: Խոսելով հավաքածուի մասին՝ Զայցևը նշել է, որ դա իմպրովիզացիա էր: «Սկզբից գործվածքն է ընտրվել, իսկ հետո արդեն կերպարն է ձևավորվել, ամեն ինչի հիմքում գործվածքն է: Ես միավորել եմ «Ոսկե դար» և «Իմպրովիզացիա» հավաքածուները:
Ցուցադրության ժամանակ հայ և ռուս մոդելները, որոնց Զայցևն իր հետ էր բերել, քայլում էին մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի երաժշտության ուղեկցությամբ:
«Ազնավուրին շատ եմ սիրում, միշտ օգտագործում են նրա երաժշտությունն իմ ցուցադրությունների ժամանակ: Միշտ լալիս եմ նրա երգերը լսելիս»,-խոստովանել է Զայցևը՝ նշելով, որ շանսոնյեն «կախարդական, հուզիչ ձայն ունի»:
Խոսելով հայ մոդելների մասին, որոնց հետ նրան վիճակվել է աշխատել ցուցադրության ժամանակ, Զայցևն ասել է. «Հրաշալի աղջիկներ են, հիանալի մոդելներ, ես զարմացած եմ: Աշխատել եմ նրանց հետ, ասել, թե ինչ է պետք անել, և նրանք ամեն ինչ հիանալի են արել»:
Զայցևից հետո իրենց հավաքածուներն են ցուցադրել հայ դիզայներներ Գևորգ Շադոյանը և Լիանա Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազում հյուրեր:
Երևանի նորաձևության շաբաթն անցնում է «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում: Մայիսի 12-14-ն իրենց հավաքածուները կցուցադրեն մոդելավորողներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից: Նրանց թվում են Գևորգ Շադոյանը, Նարինե Հարությունյանը, Լիանա Սարգսյանը, Սվետլանա Եվստիգնեևան, Անահիտ Նովսիսյանը, Սվետլանա Հակոբյանը, Վարանտ Լամալինը, ինչպես նաև Hayari Couture Paris բրենդը: Նորաձևության հավաքածուներից բացի, ներկայացվում են նաև տարբեր բրենդերի ոսկերչական զարդեր: