14 նոյեմբերի 2007 - 15:04 AMT
Մադլեն Օլբրայթը կարո՞ղ է գլխավորել ցեղասպանությունների կանխարգելման հանձնաժողովը
Այն, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենը կարող են գլխավորել ցեղասպանությունների կանխարգելման հատուկ հանձնաժողովը, կասկածի տակ է առվել լրագրողների կողմից, որոնք հիշեցրել են, որ հենց նրանք են շարունակում արգելակել Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը: «Ցավոք, ցեղասպանությունների կանխարգելման հատուկ հանձնաժողովի ջանքերը նսեմացնում է այն, որ հանձնաժողովի համանախագահները ակտիվորեն եւ հրապարակավ հանդես են գալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Մադլեն Օլբրայթն ու Ուիլյամ Քոենը հիմնական ելույթ ունեցողներն են եղել ԱՄՆ Ազգային մամլո ակումբում կայացած մամլո ասուլիսում, որտեղ ներկա են եղել Հոլոքոսթի թանգարանի, ամերիկյան խաղաղության ինստիտուտի եւ դիվանագիտության ակադեմիայի ներկայացուցիչները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին հարցին` Քոենը նշել է, որ «դա բացարձակ իրողություն չէ: Դա պրագմատիզմի տարր է: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ծառայում է պետական հաստատությունում, պարտավոր է լինել փաստերի հավասարակշռման կողմնակից»: Իր հերթին Մադլեն Օլբրայթը նշել է, որ ցեղասպանության փաստի ճանաչումը «չափազանց բարդ որոշում է»: «Դրանք հարցեր են, որ վաղուց են քննարկվում եւ որոնց վերաբերյալ, ի վերջո, կարող են համապատասխան հայտարարություններ արվել: Երբ դուք կառավարության անդամ եք եւ պետք է կոշտ որոշումներ ընդունեք, դուք պետք է տեսնեք ընդհանուր պատկերը: Ես կարծում եմ, որ մենք բոլորս համաձայնենք դրա հետ: Այլ կերպ մենք չենք շարժվի մեռյալ կետից: Դա շատ բարդ հարց է»,-ասել է Օլբրայթը:

«Օլբրայթն ու Քոենը պետք է կամ ժխտեն բոլոր ժամանակների ցեղասպանությունները, կամ դեմ չարտահայտվեն այն ժամանակ, երբ դա հարմար է, այդպիսով խախտելով մարդու իրավունքները, ոտնահարելով բարոյական եւ հումանիտար արժեքները»,-հայտարարել է Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Մադլեն Օլբրայթը ԱՄՆ նախկին 8 պետքարտուղարներից մեկն է, որոնք սեպտեմբերի 25-ին նամակ էին հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` առաջարկելով թույլ չտալ քվեարկությունը Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման մասին: Հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն հավանություն տվեց 106-րդ բանաձեւին` 27 «կողմ», 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ ներկայացվեց 2007 թվականի հունվարի 30-ին Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերին բանաձեւի հեղինակները կոչ արեցին Նենսի Փելոսիին հետաձգել քվեարկությունը: