16 մայիսի 2017 - 14:36 AMT
Հաքերները գողացել են «Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմն ու գումար են պահանջում

Disney ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը հայտարարել է, որ հաքերները սպառնում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր ֆիլմը հրապարակել համացանցում, եթե նրանց չվճարեն բիթքոիններով: Թե հատկապես ինչ գումար են պահանջել հաքերները, Այգերը չի նշել, սակայն ինսայդերները պնդում են, որ դա հսկայական գումար է: Ստուդիան համագործակցում է ՀԴԲ հետ և մտադիր չէ զիջումների գնալ ցանցահեններին:

Թե հատկապես ով է գողացել «Ծովահեններին», դեռ հայտնի չէ: Հաքերները հայտնել են, որ սկզբից 5-րոպեանոց հատված կհրապարակեն ֆիլմից, հետո 20-րոպեանոց և այլն, մինչև որ իրենց ֆինանսական պահանջները կատարվեն, գրում է «Կինոպոիսկը»:

Կարելի է ասել, որ ցանցահենները կտրում են նոր ֆիլմի մատները, ականջներն ու մարմնի այլ մասերը: Նախկինում գողացած ֆիլմերն ուղղակի հրապարակում էին համացանցում՝ գումար չպահանջելով:

Նախկին հաքեր Հեկտոր Մոնսեգուրը, որն այժմ Outlaw Tech ծրագրի մշտական փորձագետն է, հայտարարել է, որ ՀԴԲ ամենաբարդ խնդիրը նման դեպքերում սպառնալիքների աղբյուրը գտնելն է:

«Գործնականում դա անհնար է: Աշխարհի բոլոր կողմերու բազում հաքերներ կան: Նրանք հիանալի գիտեն, որ իրենց փնտրելու են: Այնպես որ Եգիպտոսից աշխատող հաքերը կարող է օգտվել ռուսական սոֆթից, և կթվա թե, ինչքը Ռուսաստանից է, մինչդեռ նա գտնվում է Եգիպտոսում»,-ասել է փորձագետը:

Ըստ Մոնսեգուրի, Disney-ի և Netflix-ի տիպի ընկերությունները լավ պաշտպանված են, սակայն նրանց կապալառուներն ու կինոարտադրությամբ զբաղվող ընկերությունները այդքան մեծ գումարներ չեն ծախսում հաքերներից պաշտպանվելու վրա:

Ավելի վաղ հաքերներին հաջողվել էր Netflix-ի կապալառուի սերվերներից գողանալ «Նարնջագույնը՝ եթերաշրջանի հիթ» սերիալի նոր սերիաները և հրապարակել համացանցում: Netflix-ը հրաժարվեց վճարել, իսկ օգտատերերից շատերը, տեսնելով, որ հրապարակված սերիաների որակն այնքան էլ լավը չէ, գրեցին, որ կսպասեն որակյալ ցուցադրության Netflix-ով: