15 նոյեմբերի 2007 - 13:05 AMT
Կոսովոյի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչն այլեւս չի հավատում մարզի կարգավիճակի վերաբերյալ փոխզիջման հնարավորությանը
Կոսովոյի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Իշինգերը այլեւս չի հավատում մարզի կարգավիճակի վերաբերյալ փոխզիջման հնարավորությանը: «Կոսովոյի ալբանացիների եւ Բելգրադի միջեւ սերբական Կոսովո նահանգի կարգավիճակի վերաբերյալ փոխզիջումն անհնար է»,-նոյեմբերի 14-ին Վաշինգտոնում հայտարարել է նա: Իշինգերի խոսքերով, Պրիշտինան եւ Բելգրադը մերժել են այն առաջարկությունները, որ արել էր վերջին ամիսներին ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված «եռյակը»: Քանի որ մինչ ՄԱԿ-ի կողմից փոխզիջումային որոշման մշակման համար հաստատված ժամկետի ավարտը` դեկտեմբերի 10-ը քիչ ժամանակ է մնացել, հաջորդ բանակցություններում «եռյակը» կկենտրոնանա նահանգի ապագային վերաբերող այլ ասպեկտների վրա:
Իշինգերի խոսքերով, Բրյուսելում կայացած վերջին նիստում, որ նախանշված է նոյեմբերի 20-ին, կողմերն առաջին հերթին ուշադրություն կդարձնեն տնտեսական համագործակցության եւ հանցավորության դեմ պայքարին: Կոսովոյի կարգավիճակի խնդիրը համաձայնագրի նախագծում չի հիշատակվի:
Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առավել լավատեսորեն է արտահայտվել այդ կապակցությամբ: Նա գտնում է, որ «եռյակի» նիստերում մշակվել է լավ հիմք աշխատանքի համար, որը ենթադրում է բանակցային հանգուցալուծում: Սակայն փոխզիջման հասնելու համար կողմերին դեռեւս ժամանակ է անհրաժեշտ, քանի որ Լավրովը պահանջել է հրաժարվել խիստ հաստատագրված ժամկետներից:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել բանակցութւունների մասնակիցներին այլեւս «հակաարդյունավետ հայտարարություններ չանել այն մասին, որ այլ ելք չկա, քան Կոսովոյի անկախությունը ճանաչելը»: Նահանգին ինքնիշխանություն տրամադրելու օգտին հանդես են գալիս ԵՄ-ն ու ԱՄՆ: Մոկվան գտնում է, որ նման որոշումը կապակայունացնի տարածաշրջանը, եւ սպառնում է օգտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից:
Սակայն, ըստ Լավրովի, վերջին ժամանակներս եվրոպացի գործընկերների եւ այլ երկրների հետ շփումներում Մոսկվան սկսել է իրապես մտահոգվել Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետեւանքների առումով, հաղորդում է Deutsche Welle-ն: