
Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են շփման գծում լարվածության մասին՝ մայիսի 16-ի երեկոյից սկսած և մայիսի լույս 17-ի ամբողջ գիշերվա ընթացքում: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, հայկական կողմը կիրառել էմարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք, սակայն, «ոչ մի վնաս չեն հասցրել»:
2016-ի հոկտեմբերին ArmHiTec ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ հայտարարվեց, որ հայկական ընկերություններից մեկը ՀՀ ՊՆ պատվերով հարվածային (մահապարտ) ԱԹՍ է նախագծել, որն արդեն փորձարկվում է: Մահապարտ (հարվածային) և ունիվերսալ անօդաչու թռչող սարքերը ArmHiTec-2016 ցուցահանդեսում ArmBGC Innovation ընկերության տաղավարում ցուցադրված չէին, սակայն դրանց փոխարեն ներկայացված էին ընկերության պատրաստած մյուս անօդաչուները, որոնք լուծումներ են առաջարկում կոնկրետ խնդիրների համար, գրել էր Ռազմ.ինֆո-ն։
Քառօրյա ապրիլյան պատերազմից հետո, որն աչքի ընկավ հակառակորդի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ, ՏՏ մի քանի ընկերությունների ուժերով ստեղծվեց «Հրազդան» կոնսորցիումը: Կոնսորցիումի շրջանակներում այդ ընկերությունները լուծումներ են ներկայացնում․ դրանք կարելի է օգտագործել անօդաչու թռչող սարքերում, բարդ ռոբոտացված ինժեներային համակարգերում:
Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: