15 նոյեմբերի 2007 - 17:44 AMT
Սեմնեբի. Երեւանն ու Բաքուն հասկանում են Ղարաբաղի հարցով բանակցությունների ընդհատման վտանգը
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկանում են Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների ընդհատման վտանգը: «Չնայած բոլոր հիասթափություններին, բանակցությունները շարունակվում են, եւ դա հուսադրող փաստ է: Կարծում եմ, երկու կողմերը հասկանում են բանակցությունների ընդհատման վտանգը: Այն բավական անորոշ իրավիճակում, որում գտնվուն ենք այսօր, դա կնշանակի, որ անհետացել է այն ամենն, ինչը ձեռք էր բերվել վերջին տարիներին Պրահայի գործընթացի շրջանակներում, եւ շատ բարդ կլինի վերականգնել գործընթացը` անկախ նրանից, ո՞վ կընտրվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնում», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, «որ անցնում են ամիսներ եւ տարիներ, որոնց ընթացքում հայերն ու ադրբեջանցիները ապրում են արճակատման գծի հակառակ կողմերում եւ չունեն որեւէ շփում»: «Արդեն ունենք մի ողջ սերունդ, որը որեւէ պատկերացում չունի մյուս կողմի կյանքի մասին: Իսկ ամենավատն այն է, որ նրանց «հրամցնում են» թշնամու կերպարներ, եւ որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այդքան ավելի բարդ կլինի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարոտւթյունը»,- ասել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է Մեդիամաքսը: