ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել առավելապես մահմեդական բնակչությամբ երկներին միասին պայքարել ահաբեկչության դեմ: Այդ մասին նա հայտարարել է Էր Ռիադում:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ բոլոր դաշնակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն ահաբեկչության դեմ պայքարում, ոչ թե սպասեն, մինչև որ Ամերիկան կհաղթի բոլոր թշնամիներին:
Թրամփը խստիվ քննադատել է Իրանին՝ մեղադրելով Թեհրանին ահաբեկչությանը սատարելու մեջ:
Նախօրեին ԱՄՆ-ն զենքի առաքման վերաբերյալ ռեկորդային գործարք է կնքել Իրանի մրցակից Սաուդյան Արաբիայի հետ:
Թրամփն ասել է, որ հարկավոր է ազգերի կոալիցիա ստեղծել՝ արմատախիլ անելու համար ահաբեկչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարը բարու պայքարն է չարիքի դեմ:
«Մերձավոր Արևելքի երկրները չեն կարող սպասել, մինչև որ Ամերիկան կջախջախի նրանց թշնամիներին իրենց փոխարեն: Մերձավոր Արևելքի երկրները պետք է որոշեն, թե ինչ ապագա են ցանկանում իրենց համար»,-հայտարարել է Թրամփը: «Առավելապես մահմեդական բնակչությամբ երկրները պետք է գլխավորեն ծայրահեղականության դեմ պայքարը»,-ասել է նա:
Թրամփի խոսքն աչքի ընկավ նրանով, որ Թրամփը չարտասանեց իր «ծայրահեղական իսլամական ահաբեկչություն» բանաձևը, որն ըստ քննադատների, կապում է իսլամն ահաբեկչության հետ: Թրամփը բազմիցս էր քննադատել Օբամային նման ձևակերպումերից խուսափելու համար: