
Ադրբեջանում չափազանց մտահոգված են այն լուրով, որ Արցախում կարող են զբոսաշրջային ավիաթռիչքներ իրականացվել, մասնավորապես, Ստեփանակերտից Շուշի, նաև Գանձասար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի օդանավակայանը և Yell Extreme Park-ը համատեղ թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։ Yell Extreme Park-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը հայտարարել է, որ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով: Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ։ Թռիչքների տևողություն կլինի 20 րոպե:
Չափազանց նյարդայնանալով զբոսաշրջային թռիչքների հեռանկարից՝ Բաքուն կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ-ին «միջոցներ ձեռնարկել կանխելու համար հերթական հայկական սադրանքը» և թույլ չտալ թռիչքները Արցախի երկնքում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, գրում է Haqqin.az-ը:
«Զբոսաշրջայինի անվան տակ ավիաթռիչքներ կազմակերպելու ծրագրերը Երևանի հերթական սադրանքն են և վնասում են բանակցային գործընթացին: Ստեփանակերտի օդանավակայանն ամրագրված է հատուկ կոդով որպես Ադրբեջանի գույք, Ադրբեջանն արգելել է թոռիչքները ԼՂ օդային տարածքում, քանի որ անհնար է ապահովել դրանց անվտանգությունը: Ադրբեջանի այս դիրքորոշմանը սատարում են Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը և Քաղավիացիայի եվրոպական կոնֆերանսը»,-ասել է Հաջիևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը դիմելու է համապատասխան միջազգային կառույցներին: