Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառները տեղադրվել են առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
«Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 3 գովազդային պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել», - գրել է նա:
Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ էին տեղադրվել:
Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրկախառնության նկար էր, որտեղ գրված է եղել. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»:
Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ էր ու գրված էր եղել. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»:
Եվ երրորդում պատկերված է եղել երեք ձեռք, իսկ պաստառին գրված. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»: