Փարիզում կայանալիք «Հայաստանի արվեստը» աճուրդում կներկայացվեն հայ արվեստի բացառիկ նմուշներ՝ գորգեր, կտավներ, գրքեր, հին սպասք և զարդեր: Աճուրդը կկայանա հունիսի 2-ին, այն կազմակերպում է Leclere աճուրդի տունը:
Աճուրդի բացառիկ նմուշների թվում են՝ ուրարտական Սարդուրի Բ արքայի բրոնզե սաղավարտը (մ.թ.ա 764-735դդ), որի սկզբնական գինը €55 000 է սահմանված, Տիգրան Մեծի արծաթե մետաղադրամը, որի նախնական արժեքը €7000-8000 է, XIV-XV դարի Տոնացույց աղոթագիրքը, որի նախնական արժեքը €45 000-50 000 է:
Վաճառքի կհանվի նաև Հովհաննես Այվազովսկու «Հայերի ջարդը Մարմարի ծովում 1886 թվականին», որի նախնական արժեքը €200 000 է:
Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»:
2016-ին Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է Christie's լոնդոնյան աճուրդի տանը 194.500 բրիտանական ֆունտ սթերլինգով (մոտ $281 հազար):