5 հունիսի 2017 - 09:53 AMT
ՊԲ հրամանատար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացնելու ենք հակառակորդի բոլոր խախտումները

Ադրբեջանը միշտ էլ աշխատել է, որպեսզի լարվածությունն առաջնագծում պահպանվի, աշխատել է վնասներ հասցնել հայկական կողմին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավելելով. «Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք, և անհրաժեշտության դեպքում, նպատակահարմարությունից ելնելով վերջնական հակահարված տանք»:

Նրա խոսքերով՝ հունիսի 10-ին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այց Արցախ, գրում է Panorama.am-ը:

«Մենք ներկայացնելու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր, ներկայացնելու ենք իրենց վերջին այցից մինչև հունիսի 10-ը հակառակորդի կողմից թույլ տված բոլոր խախտումները և մեր կողմից տրված պատասխանները: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել նման մեխանիզմների ներդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է, որ ամեն առիթով աշխատել է, որպեսզի խոչընդոտի: Բայց կարելի է ասել, այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում է ու անհրաժեշտության դեպքում կօգտագործենք»,- ասել է Մնացականյանը և հավելել, որ համանախագահներն էլ են կողմնակից նման մեխանիզմների ներդրմանը:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 19-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»:

Անդրադառնալով իրադրությանն առաջնագծում, հրամանատարն ասել է, որ շփման գծում իրավիճակը գնահատվում է կայուն լարված, դեռևս չեն դիտվում զարգացման միտումներ:

Ըստ նրա՝ նախորդ ամիսների համեմատ կա լարվածության որոշակի նվազում, չնայած ժամանակ առ ժամանակ լարվածության աճ նկատվում է, ինչը երկար չի տևում:

«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա բոլոր առումներով մի քանի անգամ լարվածությունը նվազել է: Կարելի է ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան, վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը: Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներին և խախտումներին, դրանք ևս մի քանի անգամ նվազել են: Համեմատած նախորդ տարվա հետ, 2017 թվականին խախտումների քանակը մի քանի անգամ քիչ է»,- ասել է Լևոն Մնացականյանը:

ՊԲ հրամանատարը նաև նշել է, որ հակառակորդի կրակոցները կրել են որակական տարբերություն. «Մեր կողմից տրվել են նպատակային այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն հետագայում հարվածներ հասցնել: Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան՝ մեզ պատճառվածը»։