5 հունիսի 2017 - 11:20 AMT
Երևանում սպասվում է +34 աստիճան տաքություն

Հունիսի 6-ից սկսած Երևանում կլինի +34 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Շոգելու ենք», - հավելել է նա։

ԱԻՆ կայքի հաղորդմամբ, Երևան քաղաքում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Հանրապետության տարածքում հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 6-9-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: