28 նոյեմբերի 2007 - 13:08 AMT
Սերբիան կշրջափակի՞ Կոսովոն, եթե երկրամասը միակողմանի կարգով անկախություն հռչակի
Կոսովոյի ապագան չի կարող որոշվել միակողմանի կարգով երկրամասի ալբանական մեծամասնության եւ նրա արեւմտյան կողմնակիցների կողմից: Այդ մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան: Նրա խոսքերով, երկրամասի ճակատագիրը կարող է որոշել միայն Միավորված ազգերի կազմակերպությունը:
«Սերբիայի համար անընդունելի է միայն Անվտանգության Խորհրդի որոշումը»,- հայտարերել է Սերբիայի վարչապետը: Կոշտունիցան մերժել է նաեւ Կոսովոյի շուրջ բանակցություններն ավարտելու վերջնաժամկետը` դեկտեմբերի 10-ը:
Մինչդեռ Կոսովոյի կարգավիճակի շուրջ Ավստրիայում ընթացող բանակցություններում ալբանացի ներկայացուցիչները մերժել են մանրակրկիտ սերբական առաջարկությունները Սերբիայի կազմում լիակատար ինքնավարության մասին: Բարձրաստիճան սերբ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բելգրադը ցանկացած միջոցի կդիմի` բացառությամբ տանկերի կիրառումից, այդ թվում, եթե ալբանական մեծամասնությունը հռչակի երկրամասի անկախությունը, որն իրավաբանորեն Սերբիայի մաս է կազմում: Սերբական պատվիրակության չնշված ներկայացուցիչը հայտարարել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը, որ Սերբիան կդադարեցնի էլեկտրաէներգիայի առաքումը եւ կշրջափակի երկրամասը, եթե նրա առաջնորդները միակողմանի կարգով անկախություն հռչակեն:
Բանակցություններն Ավստրիայում անցնում են Եվրամիության, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի քննարկումները կշարունակվեն եւ կողմերը պետք է իրենց եզրակացությունները ներկայացնեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: