28 նոյեմբերի 2007 - 15:33 AMT
ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատուն կառաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնում
ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը կառաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնում: «Ես արդեն պաշտոնաթողության վերաբերյալ դիմում են ներկայացրելլ Բակո Սահակյանին եւ որոշել եմ առաջադրվել: Ինձ համար անընդունելի են ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան խնդրի լուծմանը, այնպես էլ Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որը միեւնույն է չի արվելու»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մելիքյանը:

Նրա խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող 6 շրջանները վերադարձնելու մասին 1997 թվականից ի վեր չի փոխվել: «Այսօրվա դրությամբ չկա որեւէ աշխարհաքաղաքական շահագրգռվածություն տարածքների հանձնման վերաբերյալ: Ես գտնում եմ, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար հարկավոր է ճանաչել ԼՂՀ-ն բանակցային գործընթացի կողմ, Հայաստանը պետք է զբաղվի միայն փախստականներով եւ, վերջապես, չեղյալ հայտարարի Հայկական ԽՍՀ ԳԽ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հայաստանին միանալու մասին, որը չի արտահայտում 16 տարի առաջ ձեւավորված իրողությունը»,-ընդգծել է Մելիքյանը` հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծանրությունը տեղափոխվել է Երեւան, ինչն արմատապես սխալ է: