8 հունիսի 2017 - 14:40 AMT
Զախարովա. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան կայցելեն հունիսի 10-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հունիսի 10-ին: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ նրա, այցի շրջանակում համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

«Նրանք մտադիր են պարզել, թե ինչ իրավիճակ է հակամարտության գոտում, նախատեսվում է ղարաբաղյան կարգավորման արդի հարցերի քննարկում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում կայացած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,-ասել է Զախարովան:

Այցի շրջանակում նախատեսված է նաև համանախագահների այցն Արցախ:

«Մեկ շաբաթ անց եռյակը կմեկնի Բաքու, իսկ տարածաշրջան այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ-ում համապատասխան հայտարարություն կհրապարակվի»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հաղթահարվել միայն բանակցությունների միջոցով: Արտգործնախարարի խոսքով` չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել նաև մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:

Ընթերցեք նաև. Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին. Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա