9 հունիսի 2017 - 12:00 AMT
Թիլերսոնը կարող է միջնորդ դառնալ Կատարի և մյուս արաբական երկրների միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին միջնորդ դառնալ Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում: Նա պետք է միջնորդ դառնա Կատարի և մյուս արաբական երկրների միջև, որոնք խզել են դիվանագիտական կապերն այդ երկրի հետ:

ԱՄՆ-ն կգերադասեր, որ Պարսից ծոցի երկրներն ինքնուրույն հանգուցալուծեն ճգնաժամը: Վաշինգտոնը նաև վստահ չէ, որ միջնորդության առաջարկը կընդունվի դիմակայության մասնակիցների կողմից, հայտնում է ՌԲԿ-ն Associated Press-ի վրա հղումով:

Հունիսի 8-ին Կատարը հայտարարեց, որ պատրաստ չէ փոխել իր արտաքին քաղաքականությունն այլ արաբական պետությունների հետ վեճը հարթելու համար և երբեք չի գնա զիջումների:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան նաև Եմենը, Լիբիան, Մալդիվները:

Քաթարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Քաթարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: