1 դեկտեմբերի 2007 - 13:23 AMT
Վ. Կազիմիրով. Մադրիդում խոսքը հիմնականում գնացել է համանախագահների նախկին տեքստերի մասին` նորացված ձեւակերպումներով
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շփման գործընթացի համեմատաբար կոնֆիդենցիալ լինելը` կարելի է միայն ենթադրել, որ Մադրիդում խոսքը հիմնականում գնացել է համանախագահների նախկին տեքստերի մասին, սակայն նորացված ձեւակերպումներով այն հատվածներում, որոնց շուրջ առաջ չէր հաջողվում համաձայնության հասնել Երեւանի եւ Բաքվի միջեւ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մադրիդում: «Կարծում եմ, որ այդ ձեւակերպումները համանախագահները ընդունելի հիմք են համարում երկու կողմերի միջեւ փոխզիջման համար: Սակայն արդյո՞ք դա այդպես է, այլ հարց է: Բացի այդ, պետք է նկատի ունենալ նաեւ երրորդ կողմի կարծիքը: Կրկնում եմ` դա ընդամենը իմ ենթադրությունն է, ոչ ավելին»,- ընդգծել է ռուս դիվանագետը:
Նշենք, որ Մադրիդում անցած հանդիպմանը «համանախագահները որպես համատեղ առաջարկություն երկու կողմերին իրենց նախագահներին ներկայացնելու համար հանձնել են հակամարտության խաղաղ կարգավորման արդար եւ հավասարակշռված հիմնային սկզբունքները»: