1 դեկտեմբերի 2007 - 13:39 AMT
Միգել Անխել Մորատինոսը կոչ է արել շարունակել ակտիվ բանակցությունները Ղարաբաղի հակամարտության հարցով
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի (ԱԳՆԽ) 15-րդ նիստի շրջանակներում ԵԱՀԿ նախկին նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Մորատինոսի նախաձեռնությամբ նախարար Օսկանյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մորատինոսը իր զորակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններին եւ հորդորել շարունակել ակտիվ բանակցությունները:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Երբ 2007 թվականին ես նախագահում էի ԵԱՀԿ-ում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խնդիրներն ավելի շատ էին, քան այսօր»: Նա նաեւ հայտարարել է, որ հռչակագիր է ընդունվել, որը վկայում է կարգավորման գործընթացում առկա առաջընթացի մասին:
Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը` Իլկկա Կաներվան, ով նախագահելու է ԵԱՀԿ-ում 2008 թվականին որեւէ հայտարարություն չի արել լրագրողների համար: Նրա փոխարեն ԶԼՄ-ների առջեւ ելույթ ունեցավ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի դեսպանը: Դիվանագետը նշել է, որ իր երկիրը կանի իրենից կախված հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. «Մենք նաեւ կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ կոչ կանենք կողմերին ակտիվ բանակցություններ վարել: Հուսով ենք, որ հաջորդ տարվա սկզբում մեր նախարարը կայցելի տարածաշրջան խորհրդատվություններ անցկացնելու համար»: