1 դեկտեմբերի 2007 - 14:24 AMT
Ավելի վաղ Հայաստանի սահմանը անցած Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ադրբեջանական կողմին
Նոյեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում իրականացվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բիննատով Մասիմ Էլխան օղլու հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին, հաղորդում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը:

Ավելի վաղ, ադրբեջանական մամուլը տեղեկատվություն էր տարածել, որ «Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ, 1974 թվականին ծնված Մասիմ Էլհան օղլի Բիննաթովը, նոյեմբերի 5-ին պատանդ է վերցվել հայ զինծառայողների կողմից չպարզված հանգամանքներում»:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել: «Մեր գերատեսչությունը չի զբաղվում սահմանն անցած քաղաքացիական անձանցով: Սակայն, կրկնում եմ, հայկական ԶՈՒ-ը ոչ ոքի չեն գերեվարել»,-ընդգծել է Շահսուվարյանը: