5 դեկտեմբերի 2007 - 14:34 AMT
Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում exit poll-ը կանցկացվի ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով, ամերիկյան կառավարության կողմից Հայաստանում իրականացվելիք ընտրական աջակցության ծրագրին, որը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հավաստամամբ, ներառում է տարբեր ոլորտներ եւ հանդիսանում է իբրեւ մայիսյան խորհրդարանական ընտրությունների համանման ծրագրի շարունակություն` մի տարբերությամբ, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ առաջարկվում է նաեւ ընտրատարածքից դուրս եկող ընտրողների հարցման կազմակերպում (exit poll) Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից, որի արդյունքներն այնուհետ կտրամադրվեն քաղաքական ուժերին եւ նրանց հայեցողությամբ` կհրապարակվեն:

Իր հերթին վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել առաջարկը, ասելով, որ դա բավականին լավ միջոց է` ընտրողների կողմնորոշումը պարզելու եւ նաեւ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, անհարկի շահարկումներից խուսափելու համար: «Եթե նշված կազմակերպությունն անգամ չիրականացներ այդ նախաձեռնությունը, մենք ինքներս կհրավիրեինք մասնագիտացված նման մի կազմակերպություն` այդ հայտնի մեթոդով ընտրությունների օրն աշխատելու եւ արդյունքները հանրությանը տրամադրելու նպատակով»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: