6 դեկտեմբերի 2007 - 14:10 AMT
Տ.Թորոսյան. Միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն Բաքվի ռազմատենչ հայտարարություններին
Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին, կարեւորեց դրանց տրվող միջազգային կառույցների գնահատականը, նշելով, որ դրանք պետք է հասցեավորված լինեն: Մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ռազմաշունչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքները դատապարտվում են` առանց հասցեական դարձնելու` ում, երբ եւ որտեղ արված հայտարարություններն ու սպառնալիքներն են: Աժ նախագահը ասել է նաեւ, որ եթե Ադրբեջանն ուզում է ղարաբաղյան հակամարտությունը լուծված տեսնել, հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն չպիտի քարոզի:
Իր հերթին Ժորժ Կոլոբիեն նշել է, որ չնայած Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին, դեռեւս պահպանվում է հակամարտության խաղաղ լուծման հնարավորությունը:
Տիգրան Թորոսյանը անհրաժեշտ համարեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կարծիքը հաշվի առնելը մշակված սկզբունքների վերաբերյալ, որովհետեւ ԼՂՀ ժողովրդի համար անընդունելի որեւէ լուծում չի կարող իրականացվել: