Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպել է Mix Battle Fest 2017 փառատոնը: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ Mix Battle Fest 2017-ն է:
Սթրիթ վորքաութը միջազգային երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքների վրա և առանց գործիքների կատարվող ուժային վարժությունների վրա:
Այս փառատոնը փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է: Նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելն է:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նաև նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում տարեցտարի մեծ տարածում են ստանում, և այդ առումով պատահական չէ, որ Mix Battle Fest 2017-ն արդեն 2-րդ տարի է, ինչ ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:
Տարեցտարի մասնակիցների թիվն ավելացնող Mix Battle Fest 2017-ն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով: Մարզական շոուն ավարտվել է դիսկոտեկով: