10 դեկտեմբերի 2007 - 18:24 AMT
Աբխազիան խնդրում է համաշխարհային հանրությանը ճանաչել նախկին ԽՍՀՄ բոլոր չճանաչված հանրապետությունների անկախությունը
Իդեալական տարբերակն այն կլինի, որ համաշխարհային հանրությունը ճանաչի նախկին ԽՍՀՄ բոլոր չճանաչված հանրապետությունների անկախությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Աբխազիայի Ազգային ժողովի նախագահ Նուգզար Աշուբան: Աշուբան, չճանաչված այլ հանրապետությունների մյուս առաջնորդներին հետեւելով, կրկին հիշեցրել է, որ Աբխազիան անկախանալու ավելի շատ իրավունքներ ունի քան Կոսովոն: Ուստի Կոսովոյի հարցը, որն այժմ քննարկվում է ՄԱԿ-ում, չի համապատասխանում իրավիճակին: Ըստ Ն.Աշուբայի, քանի որ Հարավային Օսեթիան, Աբխազիան եւ Մերձդնեստրը անկախ պետություններ չեն, նրանց դեմ պատժամիջոցներ են մտցվում ընդհուպ մինչեւ տնտեսական ճնշում եւ էմբարգո: Իսկ եթե նրանք անկախություն ստանան, եւ նրանց ճանաչի համաշխարհային հանրությունը, նման ճնշում գործադրելն առավել բարդ կլինի:

Պատասխանելով լրագրողների հարցերին Ռուսաստանի կազմի մեջ մտնելու Աբխազիայի հնարավորության մասին` Աշուբան ասել է. ինչ-որ մի բանի կազմում լինելու համար, դեռ պետք է դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ»: Նա նաեւ ընդգծել է, որ համոզված է, որ Աբխազիան ի վիճակի է պաշտպանել իր իրավունքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: