11 դեկտեմբերի 2007 - 15:52 AMT
Սերբիան գտնում է, որ Կոսովոյի հարցը պետք է դիտարկվի Միջազգային դատարանում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Միջազգային դատարանին հանձնարարի Կոսովոյին անկախության տրամադրման հարցը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: «Ես ցանկանում եմ, որպեսզի միջազգային դատարանը որոշում կայացներ այն մասին` արդյոք օրինական կլիներ Կոսովոյի ղեկավարության կողմից անկախության հռչակումը, որը երեկ հայտարարել է, որ մտադիր է նման քայլի դիմել հաջորդ տարվա մայիսից շուտ»,- ընդգծել է Տադիչը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Երեկ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել միասնական կարծիքի հանգել այդ սերբական տարածաշրջանի ապագայի մասին: Ամենաքիչը Եվրամիության չորս երկրները` այդ թվում Կիպրոսը, Հունաստանը, Սլովակիան եւ Իսպանիան չեն շտապում ճանաչել Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը: Մասնավորապես, Կիպրոսը վախենում է, որ Կոսովոյի անկախության ճանաչումից հետո հաջորդը կլինի Կիպրոսի Թուրքական հանրապետությունը: