11 դեկտեմբերի 2007 - 19:22 AMT
Նախագահական ընտրություններ Հայաստանում. ԿԸՀ-ն երկարաժամկետ դիտորդներ չի հրավիրելու
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետեւելու համար երկարաժամկետ դիտորդական առաքելություն չի հրավիրի, երեքշաբթի լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:

Նա նշել է, որ կայացված որոշման համաձայն, ԿԸՀ-ն հրավիրում է միայն կարճաժամկետ դիտորդների, ինչը բոլորովին չի նշանակում, թե նախագահական ընտրություններում միջազգային երկարաժամկետ առաքելություններ չեն լիենլու:

Այդ կապակցությամբ Ազարայնը նշել է, որ ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանի ելույթը վերջերս կայացած մամլո ասուլիսում սխալ է մեկնաբանվել որոշ ԶԼՄ-ներում:

«Խոսքը գնացել է այն մասին, որ ԿԸՀ-ն չի հրավիրել երկարաժամկետ առաքելություններ, այլ ոչ թե, որ նախագահական ընտրություններում ընդհանրապես չեն լինելու երկարաժամկետ դիտորդական առաքելություններ: Միջազգային դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն նաեւ այլ մարմիններ` նախագահը, կառավարությունն ու խորհրդարանը»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը նախագահական ընտրություններում ընթանում է նոյեմբերի 9-ից եւ կտեւի մինչեւ փետրվարի 9-ը: