
Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդմանօդային գծերը շահագործման կհանձնվեն 2019թ. վերջին։ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սա ամրագրված է կառավարության գործունեության առաջիկա հինգ տարվա ծրագրում:
Աղբյուրի հաղորդմամբ, օդային գծերի կառուցումից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանը հանդես կգա էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբի (հանգույցի) դերում՝ կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։
Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակում, որն արդեն մեկնարկել է, 2017-2018թթ. ընթացքում նախատեսվում է ավարտել հենասյունների և հաղորդալարերի մոնտաժման, ինչպես նաև ենթակայանի կառուցման աշխատանքները։ Գիծը և ենթակայանը շահագործման կհանձնվեն 2019թ.։ Այն հնարավորություն կընձեռի 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հարևան Իրանի հետ։
Մինչև տարեվերջ կառավարությունը մտադիր է սկսել նաև Հայաստան-Վրաստան 400կՎ օդային գծի նախագծման աշխատանքները։ Ծրագրի իրականացման ավարտ է սահմանված 2019 թվականը։
Հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում այս պահին ընթանում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման կապալառու կազմակերպության ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։