13 դեկտեմբերի 2007 - 18:50 AMT
Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով նախնական համաձայնությունը հնարավոր է մինչեւ ՀՀ նախագահական ընտրությունները
Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նախնական համաձայնությունը հնարավոր է մինչեւ ՀՀ նախագահական ընտրությունները փետրվարի 19-ին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Reuters-ին տված հարցազրույցում: «Ես չեմ կարծում, թե նախագահական ընտրությունները կարող են ազդել կարգավորման բանակցությունների ընթացքի վրա: Հուսով եմ, անգամ վստահ եմ, որ մինչ այդ մենք դեռ կարող ենք ընդհանուր հայտարարի գալ»,- ընդգծել է Սարգսյանը, հավելելով, որ նա նոր դեմք չէ հայաստանյան քաղաքականությունում եւ Հայաստանի կառավարությունում: «Ես երկար ժամանակ այդտեղ եմ եւ մասնակցել եմ բոլոր զարգացումներին, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող: Ես տեղյակ եմ բոլոր մանրամասներին, եւ այժմ, երբ նոր առաջարկներ են ստացվում, այդտեղ կա նաեւ իմ համաձայնությունը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, թե նախագահական ընտրությունները կարող են խախտել բանակցային գործընթացը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: