24 հունիսի 2017 - 11:13 AMT
Էրդողան. ԼՂ հարցում Թուրքիան ու Ադրբեջանը միասնական դիրքորոշում ունեն

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: Այդ մասին ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը:

«Մենք մի լեզվով ենք խոսում և նույն դիրքերից ենք հանդես գալիս »,- ասել է Էրդողանը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիան տեսնել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ավելի վաղ, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ այդ մասին որևէ տեղեկություն չկա. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային ձևաչափի փոփոխության մասին։ Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չեմ էլ լսել, որ նման քննարկումներ են ընթանում։ Ես նկատի ունեմ ոչ թե լրատվամիջոցները, այլ փորձագետներին, որոնք իրականում զբաղվում են այդ խնդրով»։