Առաջիկա հինգ տարում համապետական ընտրությունների բացակայությունը «ստիպում է» «Ժառանգություն» կուսակցությանը պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության: Այս մասին ասված է կուսակցության՝ հունիսի 25-ին կայացած 11-րդ համագումարի արդյունքում ընդունված հռչակարգրում:
«Անցած խորհրդարանական «ընտրությունների» արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ հանրակարգային, տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ և ունի իր քաղաքացիների միասնական, հետևողական ջանքերի ու պայքարի կարիքը՝ շտկելու համար ողնաշարը արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առջև»,- ասված է հռչակագրի տեքստում:
Համագումարում ծրագրային զեկույցով է հանդես եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական և աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին:
Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած «հակոտնյա երևույթների և հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ»:
«Ժառանգություն» կուսակցությունն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, սակայն խորհրդարան չի անցել: Դաշինքը ստացել է 32.487 քվե կամ 2.07%: