18 դեկտեմբերի 2007 - 17:09 AMT
Լեռնային Ղարաբաղի հարցը ԼՂՀ բնակչության ինքնորոշման հարցն է
Ինչպիսին էլ լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունները, Ղարաբաղի կողմի կարծիքը անպայման հաշվի կառնվի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել է ոչ թե այն մասին, որ հակամարտության հիմքում կրոնական գործոնն է, նրա հայտարարությունը, որ կրոնը հանդիսանում է հակամարտության գործոններից մեկը, խեղաթյուրվել է: «Լեռնային Ղարաբաղի հարցը ԼՂՀ բնակչության ինքնորոշման հարցն է: Եթե Ադրբեջանը լիներ քրիստոնյա երկիր, ապա խնդիրը միեւնույն է կլիներ»,- ընդգծել է Օսկանյանը, հավելելով, որ միջազգային հանրությունը գտնում է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք, որ The Los Angeles Times թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նկատել է, որ հակամարտությունը կարող է կրոնական գործոն ունենալ, սակայն դա չի հանդիսանում որոշիչ այս դիմակայությունում: