19 դեկտեմբերի 2007 - 19:06 AMT
Թուրք պատմաբանները չեն ժամանել Երեւան կրոնական տոնի պատճառո՞վ
«Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» լսումներին մասնակցելու Հայաստանի հրավերը Թուրքիայի կողմից մերժելու մեջ քաղաքական ենթատեքստ չկա: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, լսումների անցկացումը համընկել է ամենակարեւոր իսլամական տոներից մեկի հետ: «Կրոնը վերջին դերը չի խաղում Երեւանի հրավերը մերժելու Թուրքիայի որոշման մեջ»,- գտնում է Պիտեր Սեմնեբին: Միեւնույն ժանանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ նման լսումները կշարունակվեն: «Հենց նման լսումների ժամանակ է հնարավոր խոսել այն հարցերի մասին, որոնք վեճի առարկա են հանդիսանում: Պետք է նախապատրաստել երկու երկրների հասարակություններին նորմալ երկխոսության, իսկ ԵՄ-ն ողջ ուժով կաջակցի դրան»,- ընդգծել է Սեմնեբին: