5 հուլիսի 2017 - 20:27 AMT
ՊԲ հրամանատար. Հետագայում ևս հակառակորդին անհամարժեք պատասխան ենք տալու

Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: Այս մասին է հայտարարել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը «Ինտերֆաքս» գործակալությանը տված մեկնաբանությունում:

«Թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել», - նշել է նա, անդրադառնալով Ալխանլու գյուղում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ է զոհվել:

«Միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան», - ասել է Մնացականյանը: