24 դեկտեմբերի 2007 - 17:38 AMT
ՄՃԽ. Քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը
Ղարաբաղյան հակամարտության կողմերը հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք ընդհանուր առմամնբ համաձայն են կարգավորման հայեցակարգին, սակայն դեռեւս չլուծված առանցքային հարցերը, հատկապես Լաչինի միջանցքի վերաբերյալ, կարգավորելու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտում է այդ գործընթացին եւ նպաստում է նրան, որ շահագրգիռ կողմերի լավատեսությունը փոխվում է ցինիզմի: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ցավոք, ԵԱՀԿ մադրիդյան գագաթնաժողովում մենք ականատես եղանք, թե ինչպես հակամարտության կողմերը չկարողացան պայմանավորվել նույնիսկ այն բանից հետո, երբ համանախագահները նրանց փոխանցեցին մի փաստաթուղթ, որտեղ շարադրված էին այդ սկզբունքները: Հավանաբար, կողմերը հակամարտության կարգավորումը հրատապ չեն համարում»:
Նրա խոսքերով, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները Եզրափակիչ Հելսինկյան ակտի հիմնական դրույթներն են եւ միջազգային իրավունքի առանցքային սկզբունքները: «Սակայն այդ երկու սկզբունքները չափազանց հաճախ են հակասում միմյանց: Ահա թե ինչու են նման հակամարտություններ լինում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Սակայն ինձ համար ոչ պակաս կարեւոր եմ մարդու հիմնական իրավունքները եւ այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադառնալու իրավունքները, ինչպես նաեւ բոլոր մարդկանց անվտանգության իրավունքը»,-նշել է Ֆրեյզերը, գրում է Day.az-ը: