8 հուլիսի 2017 - 10:31 AMT
ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսում ահաբեկչության պատասխանատվությունը

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է Եգիպտոսի հյուսիսում՝ Սինայի թերակղզում ռազմական օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը:

Ըստ Reuters-ի, 2 մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց ավտոմեքենաներում: Հարձակմանը մասնակցել են նաև մի շարք գրոհայիններ:

Հուլիսի 7-ին գրոհայինները հարձակվել են զինվորականների վրա Եգիպտոսի Էլ Բարաս շրջանում, Ռաֆահ քաղաքի մերձակայքում, որը պաղեստինյան Գազայի հատվածի հարևանությամբ է գտնվում: Գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է Եգիպտոսի հատուկ նշանակության ուժերի գնդապետ:

Եգիպտոսի ռազմական օբյեկտների վրա գրոհայինների հարձակման զոհերի քանակը հասել է 23-ի, ևս 33-ը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել և վիրավորվել է 26 զինվորական: Ընդ որում ուժայինները բախումների արդյունքում ավելի քան 40 գրոհայինի են ոչնչացրել: Եգիպտական բանակի պաշտոնակնա ֆեյսբուքյան էջում հրապարակվել են սպանված գրոհայինների լուսանկարները՝ նրանք բոլորը ռազմականին նման համազգեստով են: Զոհերը շատ են եղել, քանի որ ականապատ մեքենաներ են պայթեցվել:

Եգիպտոսն արդեն ավելի քան 3 տարի հակաահաբեկչական գործողություն է վարում Սինայի թերակղզու հյուսիսում, որի դժվարանցանելի շրջաններում հիմնավորվել են ծայրահեղական խմբավորումները: Այդ շրջանից են կանոնավոր հաղորդագրություններ ստացվում ծայրահեղականների հարձակումների մասին: Վերջին շրջանում տարածաշրջանում ահաբեկիչների գործողություններից զոհվել ու տուժել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ: