
Մոսկվայում հուլիսի 5-ից սկսել են արտաբնակեցնել Ադրբեջանից հայ փախստականներին, որոնց 90-ականների սկզբին Մոսկվայի կառավարությունը տեղավորել էր Դոմոստրոիտելնայա փողոցի բազմաբնակարան շենքում: Խոսքը 143 բնակարանի մասին է: Ըստ Մոսկվայի իշխանությունների, փախստականներն իրավունք չունեն ապրելու այդ բնակարաններում: Բնակիչները կարծում են, որ մեղավորը միգրացիոն ծառայությունն է, որն այդպես էլ չի տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, գրում է Meduza-ն:
Առաջին բնակիչներին ստիպել են լքել բնակարաններն արդեն հուլիսի 5-ին՝ ոստիկաններն, օրինակ, թակել են Բալասանյանի տան դուռը, դուրս են հրել տղամարդուն այն գույքի հետ, որ նա հասցրել է վերցնել, իսկ դուռը փակել են:
Պարբերականը հիշեցնում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ հայերի և ադրբեջանցիների հակամարտությունը սկսվեց, հարյուր հազարավոր հայեր փախան Բաքվից ու Ադրբեջանի այլ քաղաքներից: Ոմանք ընտանիքներով հայտնվեցին Մոսկվայում, որոնց աջակցեց Յուրի Լուժկովի կառավարությունը: Սկզբից նրանց տեղավորեցին ազատ հյուրանոցներում, հետո՝ 1998-ին ոմանց ուղարկեցին միգրացիոն կենտրոն: Որոշ հայերի Մոսկվան բնակեցման ուղեգրեր հանձնեց՝ դրանց հիման վրա նրանց հետ կնքվեցին սոցիալական վարձակալման պայմանագրեր: Կան փախստականներ, որոնց, օրինակ ոչ մի փաստաթուղթ չտվեցին և ասացին, որ սպասեն: Կային մարդիկ, որոնք ուղղակի բնակություն հաստատեցին ազատ բնակարաններում:
Առանց գույքի փաստաթղթերի ապրող փախստականներն այդ ընթացքում ՌԴ անձնագրեր են ստացել, երեխաներ են մեծացրել, աշխատել են, կանոնավոր կերպով կոմունալ վարձերն են վճարել:
2016-ին բազմաբնակարանում հայտնվեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, որոնք հայտարարեցին, որ ովքեր չեն հասցրել գրանցվել, պետք է լքեն տարածքը: Նրանք ասել են, որ փախստականների հարցով զբաղվող միգրացիոն ծառայությունը փակվել է, և անշարժ գույքի փաստաթղթեր նրանց ոչ ոք չի տա՝ նրանք ուղղակի պետք է հեռանան տարածքից:
Ընդ որում, 2015-ին օրենքից հանվել է այն դրույթը, որի համաձայն քաղաքացուն կարող էին պարտադրել լքել բնակարանը միայն դատական կարգով, եթե բնակության այլ վայր չէր տրամադրվում:
Ըստ իրավապաշտպան Եվգենի Բոբրովի, մարդկանց իրավունք չունեն զրկել բնակվելու տեղից: Նա հորդորել է մարդկանց դիմել ոստիկանություն և դատախազություն:
Սկսած 1988 թվականից Ադրբեջանական ԽՍՀ հայաշատ քաղաքներում ու շրջաններում (Սումգայիթ. Բաքու, Կիրովաբադ, Խանլար, Դաշքեսան, Ղազախ և այլն) կիրառված զանգվածային բռնարարքների արդյունքում տեղահանվել է մոտ 500 հազար հայ, որոնցից 408 հազարը մազապուրծ հասել է ՀՀ (1992)։