8 հուլիսի 2017 - 15:45 AMT
ԶԼՄ-ներ. Առաջիկա ժամերին կարող է հայտարարվել Մոսուլի ամբողջական ազատագրման մասին

Իրաքի անվտանգության ուժերը հուլիսի 8-ին ահաբեկչական «Իսլամական պետության» 35 գրոհայինի են ոչնչացրել, որոնք փորձել են հեռանալ Մոսուլի Հին քաղաքից:

«Մեր ուժերը շարունակում են առաջ շարժվել, ազատագրելու համար Հին քաղաքի թաղամասերը, որոնք դեռ գրոհայինների հսկողության տակ են»,-ասել է հրամանատարության ներկայացուցիչ Յահյա Ռասուփը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Սինհուա գործակալության վրա հղումով:

Reuters գործակալությունն իր հերթին տեղական ԶԼՄ-ների վրա հղումով հայտնել է, որ առաջիկա ժամերին կարող է հայտարարվել Մոսուլի ամբողջական ազատագրման մասին:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, որ Մոսուլի գլխավոր Ան Նուրի մզկիթի ազատագրումը, որտեղից ԻՊ առաջնորդը 2014-ին «խալիֆաթ» է հռչակել, «ԻՊ-ի կեղծ պետության վերջը» կդառնա: Կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը նշել է, որ քաղաքի ամբողջական ազատագրման մասին կարող է հայտարարվել առաջիկա մի քանի օրերին: