26 դեկտեմբերի 2007 - 14:22 AMT
ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների վերջին փաթեթը լուրջ հնարավորություններ է տալիս լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը
Վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց է նկատվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ոչ պաշտպանական, ոչ էլ հարձակողական բնույթ է կրում: «Դիվանագիտական տեսակետից Հայաստանն այժմ շատ ավելի լավ վիճակում է, քան երկու տարի առաջ` այսօր բանակցությունների սեղանի շուրջ քննարկվող առաջարկությունների փաթեթում հստակորեն ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այն, ինչի մասին մենք 8-10 տարի առաջ միայն երազել կարող էինք, այսօր իրականություն է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այլ միջազգային կառույցներ, որոնք տիրապետում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին տեղեկատվության, նշում են դա եւ տարբերություն են տեսնում ղարաբաղյան հակամարտության եւ մյուս հակամարտությունների միջեւ»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Վ.Օսկանյանը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների վերջին փաթեթը, որն այժմ քննարկվում է, հակամարտության կողմերի ջանքերի արդյունքն է: «Այս տարիներին շատ բան արդեն համաձայնեցվել է, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնց շուրջ դեռեւս մնում են տարաձայնություններ, ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն մաքոքային դիվանագիտություն է վարում այդ հարցերը եւս կարգավորելու համար»,-ասել է նա:
Նա ցանկություն է հայտնել ավարտական փուլին հասցնել այդ փաստաթուղթը: «Մենք բազմիցս ենք ասել, որ այդ առաջարկները լուրջ հնարավորություններ են տալիս, քանի որ հավասարակշռված են եւ ճիշտ հակակշիռներ են ստեղծում երկու սկզբունքների միջեւ: Փաստաթուղթը հարկավոր է հասցնել իր տրամաբանական ավարտին, որպեսզի նախագահական ընտրություններից հետո երկու երկրներում բանակցությունները զրոյից չսկսենք»,-ասել է նա:
Վ.Օսկանյանը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2008 թ. հունվարին կայանալիք հերթական այցելությունից հետո արդեն պարզ կդառնա` կշարունակվի արդյոք բանակցային գործընթացը վերջին առաջարկությունների հիման վրա, թե այլ ուղղություն կստանա: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ բանակցային գործընթացի շրջանակներում նորմալ հարաբերություններ են ձեւավորվել իր եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: «Նորմալ հարաբերությունները հարկավոր են միմյանց հասկանալու եւ արդյունվետ բանակցություններ վարելու համար»,-ասել է Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: