11 հուլիսի 2017 - 16:01 AMT
Լավրովն ու Նալբանդյանը Ավստրիայում քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հուլիսի 11-ին կայանալու է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Մաուերբախում ընթանում է ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում է կազմակերպության անդամ 30 երկրի ԱԳՆ ղեկավար: Հանդիպումն անցնում է «Վաստահության ստեղծում երկխոսության և կոոպերացիայի միջոցով» կարգախոսով: