8 հունվարի 2008 - 14:39 AMT
ՆԱՏՕ-ն այժմ կխնդրի Թբիլիսիին համբերել
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցով քվեարկությունը, որքան էլ այն խորհրդանշական չլինի, որոշիչ դեր չի խաղում առաջատար համաշխաահային դաշինքին անդամակցելու հարցում: Բացի այդ, Արեւմուտքը շատ բան պետք է զոհի, եթե որոշի արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Կովկասը հանդիսանում է երեք ճակատների առաջադիրք, որոնք «բաց են» Ռուսաստանի հետ: Դա էներգետիկ ճակատն է, քանի որ Վրաստանը հանդիսանում է նավթի գլխավոր տարանցիկ ուղին դեպի Սեւ ծով, ապա` Արեւմտյան Եվրոպա; էթնիկ ճակատ, որը գոյություն ունի հզոր ռուսական փոքրամասնությունների պատճառով; եւ վերջապես, ռազմական, քանի որ Ռուսաստանը անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի նոր կայանի հայտնվելը իր սահմաններին մոտ:

Ինչպես գրում է Le Temps թերթը, մյուս պատճառը, որով ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունելու Վրաստանին, Միացյալ Նահանգների երկակի դիրքոշումն է: Եթե ներկայիս ամերիկյան աշխատակազմը, որը հավատարիմ է Ռամսֆելդի դոկտրինին` սպառնալիքին հնարավորինս մոտ ռազմակայանների տեղակայման հարցով, տվյալ դեպքում դիտարկում է Վրաստանը` Ռուսաստանի անմիջական հարեւանը, որպես ամերիկացի զինվորականների հնարավոր տեղակայման վայր, Վաշինգթոնի դիվանագետները հոյակապ հասկանում են, որ Մոսկվայի պատասխան մեթոդները ավերիչ կլինեն երկու հիմնական ուղղություններով. Կոսովոն, որտեղ ՆԱՏՕ-ի ավելի քան 15 հազար զինծառայող կա KFOR-ի կազմում, եւ Իրանի միջուկային հարցը:

«Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն այժմ կխնդրի Թբիլիսիին համբերել: ՆԱՏՕ-ի մոտակա գագաթնաժողովը Բուխարեստում ապրիլին է, կայանալու է Ռուսաստանի նախագահական ընտրություններից մեկ ամիս անց, այդ պատճառով դժվար թե Հյուսիսատլանտյան դաշինքը ռիսկի դիմի օրակարգում կովկասյան «սրություն» ավելացնել: ՆԱՏՕ-ն կարդարացնի հետաձգումը վրաց բանակի բարեփոխման անհրաժեշտությամբ: Սահակաշվիլին, իր հերթին, կարող է օգտագործել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի ամրապնդի իր լեգիտիմությունը, որը խախտվել է շաբաթօրյա թվեարկության արդյունքում: Սակայն, այդուհանդերձ, վտանգ կա, որ նորընտիր երիտասարդ նախագահը ավելի խիստ կսկսի վարվել օսետինների եւ աբխազների, ինչպես նաեւ նրանց ռուս հովանավորի նկատմամբ, որպեսզի օգուտ քաղի անկայունությունից եւ թակի ՆԱՏՕ-ի դռները»,- ընդգծել է հրատարակությունը: