19 հուլիսի 2017 - 15:29 AMT
Քանդակագործ Օհանջանյանը ՀՀ-ում առաջին տրիենալեի մասին. Ավանդույթները միայն խաչքարերն ու եկեղեցիները չեն

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի տրիենալե, որի մանրամասները PanARMENIAN.Net-ին է ներկայացրել քանդակագործ Միքայել Օհանջանյանը:

Միքայել Օհանջանյանը Վենետիկի 56-րդ բիենալեի հայկական տաղավարի 18 մասնակիցներից մեկն է, որտեղ հայկական տաղավարն արժանացավ բիենալեի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին»:

«Չկա ժամանակակից արվեստ հասկացություն, կա ուղղակի արվեստ: Գլխավոր նպատակը մարդկանց մի կայծ տալն է, բայց ինչ կտա այդ կայծը, ինչ մտքեր կծնի նրանց մոտ, արդեն յուրաքանչյուրն իր մեջ պետք է պատասխանը գտնի»,-ասել է Օհանջանյանը:

Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը:

«Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Տրիենալեն անցնելու է 2017 թվականի հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Երևանում և երկրի տարբեր համայնքներում՝ Բյուրականում, Գյումրիում, Սևանում ու Ղափանում: Նախագծերը կներկայացվեն պատմական վայրերում, թանգարաններում, բաց երկնքի տակ, քաղաքային միջավայրում:

Նախագծի գործընկերներն են Արվեստի հայկական խորհուրդը, Armenia Art Foundation-ը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությունը:

Հայկական տրիենալեի համադրողն ու գաղափարի հեղինակը Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգն է, որը 2015-ի Վենետիկի բիենալեում լավագույնը ճանաչված Սբ Ղաղար կղզում տեղադրված հայկական տաղավարի նախագծի հեղինակն է:

ՀՀ-ն ներկայացված էր «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ադելինան կարող է աշխատել ում հետ ցանկանա, աշխարհի ամենաանվանի քանդակագործների հետ, բայց նա սիրում է տաղանդներ բացահայտել: Նա արվեստով է զբաղվում»,-ասել է Օհանջանյանը:

«Վստահ եմ, որ ցանկացած միջոցառում արդյունք տալիս է և տրիենալեն ևս իր արդյունքը կտա: Հնարավոր է՝ ցուցադրությունների այցելուները իրենք էլ ոգեշնչվեն և ցանկանան ստեղծագործել», -ասել է քանդակագործը:

Նա նշել է, որ հայ հանրությունը սկսել է ավելի լավ ընկալել ժամանակակից արվեստը, սակայն կրթվելու կարիք ունի:

«Չգիտես ինչու ավանդույթներից խոսելիս, մեզանում միայն եկեղեցիներն ու խաչքարերն են հիշում, անտեսելով մնացայլը, ինչ եղել է հազարամյակների մեր պատմության մեջ: Մինչդեռ ավանդույթը դա կոնցեպտ է», -ասել է Օհանջանյանը:

Օհանջանյանի գործը ևս ցուցադրվելու է՝ Գյումրիում, մյուս քանդակագործների աշխատանքների հետ:

Տրիենալեն կմեկնարկի հուլիսի 20-ին Երևանում Իլյա և էմիլիա Կաբակովների ցուցադրությամբ, որը ներառում է «Մոցարտ լսելիս խնձոր ստանալու 20 եղանակ» ինստալյացիան և «Համերգ ճանճի համար» աուդիոինստալյացիան: Միաժամանակ Երևանում կբացվի նաև բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը:

Հուլիսի 22-ին Գյումրիում 2 խմբակային նախագիծ կներկայացվի տեղի թանգարաններում՝ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, ինչպես նաև Ազգային ճարտարապետության թանգարանում:

Օհանջանյանը հավելել է, որ տրիենալեի երկրորդ փուլը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին:

Բոլոր ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: