14 հունվարի 2008 - 13:51 AMT
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թվականի ամառվանից ոչ շուտ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հեռահաղորդակցությունների վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է մրցութային հանձնաժողովի կազմն ու նրա աշխատանքի կարգը: «Մրցութային հանձնաժողովն արդեն մոտակա ժամանակներս առաջին նիստերը կգումարի, մնացած հարցերը կախված կլինեն հանձնաժողովի աշխատանքի գործընթացից»,-ասել է Գեւորգյանը:

Ընդ որում նա նշել է, որ ըստ միջոցառումների ժամանակացույցի մրցույթը նախատեսվում է ավարտել 2008 թվականի օգոստոս-սեպտեմբերին եւ ամփոփել արդյունքները, սակայն ժամկետը կարող է երկարացվել ըստ հանձնաժողովի առաջարկության: Ըստ Գ.Գեւորգյանի, Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը դեռեւս պաշտոնական տեղեկություններ չունի շահագրգիռ ընկերությունների ցուցաբերած հետաքրքրության եւ հայտերի մասին: «Սակայն կարծում եմ, որ հետաքրությունը մեծ եւ լուրջ է լինելու»,-ասել է Գեւորգյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, երրորդ օպերատորին լիցենզիա տրամադրելու հայտերը կընդունվեն 2008 թվականի մայիսի 1-ից 90 օրվա ընթացքում, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները: Սակայն ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, որը գլխավորում է մրցութային հանձնաժողովը, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը հայտնի կդառնա 2008 թ. հունիսի 30-ին: